Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ՎԱՂՆ Ի՞ՆՉ ՄԻՏՔ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ ԵՔ ՓԱԿԻ ՏԱԿ ԴՆԵԼՈՒ

ՎԱՂՆ Ի՞ՆՉ ՄԻՏՔ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ ԵՔ ՓԱԿԻ ՏԱԿ ԴՆԵԼՈՒ
30.03.2012 | 00:00

Բրիտանիայում արգելվել է խաչի կրումը աշխատանքի ժամանակ, և գործատերը հենց միայն այդ պատճառով հանգիստ, միանգամայն օրինականորեն կարող է իր աշխատողին դարձնել գործազուրկ: Պետության դիրքորոշումն այն է, որ խաչի բաց (առանց զգեստի տակ թաքցնելու) կրումը անհրաժեշտություն չի համարվում քրիստոնեական դավանանքի համար: Նաև հավաստվում է, որ նման արգելքը չի խախտում մարդու կրոնական ազատությունների իրավունքը: Եվ ինչն է արտառոց. երբ բրիտանացի որոշ «խաչակիր» քրիստոնյաներ ի ընդվզումն դիմեցին այնքան իրավունքահարգ երկրի ու Եվրոպայի բարձրագույն դատական մարմիններին, ապա դեմ առան իրավական պատնեշի: Իսկ Անգլիայի քրիստոնեական իրավական կենտրոնի դժգոհությունն ընդամենը հնչեց իբրև հուսահատության ճիչ:
Ռուսաստանում, երբ հատկապես նոր պատրիարքի գահակալումով ուժեղանում է եկեղեցու դերը հասարակության կյանքում, երբ ռուսները զգում են Եվրոպայի քայքայիչ բարոյական ազդեցությունն իրենց առանց այն էլ ոչ բարվոք իրավիճակի վրա, խաչարգելքն ընդունվեց բացահայտ վրդովմունքով. այն դիտվեց որպես ցնորամտություն և բարոյական այլասերվածություն, որպես լիբերալ հակաքրիստոնեական նորմերի հերթական ագրեսիա:
Ինքնին հասկանալի է, որ հարցը չի վերաբերում սոսկ առանձին մի հակակրոնական գործողության: Սա մի դրվագ է այն մեծ գործընթացի, որ աշխարհամասի իրատես շատ մտածողներ, համենայն դեպս, Ռուսաստանում, անվանում են «Եվրոպայի կործանում»: Ժամանակակից Եվրոպան իրոք բզկտվում է թերևս ոչ այնքան ֆինանսատնտեսական ցնցումներից, որքան բարոյական-կրոնական անկումներից: Քրիստոնեական կրոնը վերածված է սոսկ ծիսակատարության, աշխարհականացված եկեղեցին ևս թույլատրում է ամեն ինչ, եթե դա չի հակասում օրենքին: Տապալված է սիրո և նվիրվածության վրա հիմնված ավանդական ընտանիքը, իսկ նորը հիշեցնում է փոխադարձ շահերի վրա կառուցված կոմերցիոն հաստատություն: Անհեթեթության հասցված «մարդու իրավունքներն ու ազատությունները», տխրահռչակ քաղաքական նրբանկատությունն ու հանդուրժողականությունը նույնիսկ սեփական եվրոպական արժեքներն անտեսող եկվորների նկատմամբ աշխարհամասը դարձրել են անդեմ ու թուլակամ: Եթե նույնիսկ վերադառնանք վերոհիշյալ մասնավոր փաստին, ապա ուզում ես գոնե հասկանալ, թե այդ դեպքում ինչու Բրիտանիայում ոչ միայն չեն արգելում, ասենք, մուսուլմանների, հնդիկների, հրեաների համապատասխան կրոնական խորհրդանշանների կրումը, այլև նրանց հետևողականորեն տրամադրվում են նորանոր իրավունքներ (բնական է՝ ոչ միայն կրոնական):
Որպեսզի իրենց երկրներում արգելեն փարաջայի կամ գլխաշորի կրումը, եվրոպական մայրաքաղաքներում տարիներով մեծ զգուշավորությամբ (հանկարծ մեքենաները չհրկիզեն) քննարկումներ են տեղի ունենում, մինչև որ ընդունվում են, ներողություն արտահայտությանս, կրտած որոշումներ: Իսկ պետական «նրբանկատ ու հանդուրժող» քրիստոնյայի նկատմամբ կարելի է անսեթևեթ լինել (ինչու խաչ կրի ու դրանով իսկ նյարդայնացնի ոչ քրիստոնյային)։
Անհարկի չհամարեք, եթե կրկին մեջբերում կատարենք ռուսական աղբյուրից, այս անգամ՝ մամուլից: «Մեր աչքի առաջ իրապես մոտենում է եվրոպական քաղաքակրթության մայրամուտը, ինչի մասին կանխատեսումներ են արվել տակավին XX դարի սկզբին: Այն Եվրոպան, որ մենք գիտենք, ամուլ է դիմակայելու մեր ժամանակների մարտահրավերներին, լինի դա ֆինանսական աղետը, մուսուլմանական կիսալուսնաձև թուրը, թե մեջքը շտկող Արևելքի մորեխարշավը: Տեխնիկայի ու տեխնոլոգիաների մեջ կորսված, հավատքից խորթացած եվրոպացին սպառող համամարդ է, որը սրընթաց վերածվում է անդեմ ու վախկոտ բարոյական հրեշի»:
Խի՞ստ է ասված: Հնարավոր է: Բայց միևնույն ժամանակ ասեք՝ ո՞վ է այն բրիտանացի օրենսդիրը, որը խաչն արգելելով, չի էլ մտածում, որ դրանով քրիստոնյաների նկատմամբ արհամարհանքի հզոր լիցք է հաղորդում Լոնդոնի մզկիթում Եվրոպան խալիֆաթի վերածելու գաղափարները քարոզող իմամին: Եթե դու չես հակազդում հակառակորդիդ, ուրեմն աջակցում ես նրան: Ինչի է նման, երբ մուսուլմանները Բրիտանիայում խիստ «մատչելի» գնով ձեռք են բերում լքված եկեղեցի, վերակառուցում են և դարձնում մզկիթ ու հետն էլ դժգոհում, որ այն բավարար քանակությամբ հավատացյալներ չի տեղավորում:
Մանրուքնե՞ր են սրանք: Իհարկե, կարելի է ընդարձակ, ճչուն փաստեր բերել այն մասին, թե ինչպես են զանգվածաբար արաբականանում Ֆրանսիայի հարավի քաղաքները, թուրքերն ինչքան մզկիթներ են կառուցում Գերմանիայում, ինչպես է «կանաչ» գույն ստանում Եվրամիության գլխավոր քաղաք Բրյուսելի կենտրոնական թաղամասը և այլն, և այլն: Միևնույն է, պատկերը նույնն է մնում: Ինչի մասին ենք խոսում. շարիաթի որոշ նորմեր արդեն թափանցել են բրիտանական օրենսդրության մեջ: Երբ «Տիտանիկն» էր խորտակվում, նրա նավապետը հրամայեց փրկարար նավակները առաջին հերթին տրամադրել կանանց ու երեխաներին: Իսկ «Կոստա Կոնկորդիայի» նավապետն առաջիններից մեկը ճողոպրեց ծովափից ոչ հեռու թեքված զբոսանավից: Ո՜Ւր կորավ ոգին:
Արդ, արդյոք Եվրոպայում չկա՞ն քրիստոնեական քաղաքակրթության անկման վտանգը տեսնող ուժեր: Կան, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի նացիոնալիստները, որոնց գովքը հաճախ է անում Վլ. Ժիրինովսկին: Սակայն ավելի շուտ նկատվում են դժգոհության պոռթկումային դրսևորումներ, որոնք վերածվում են պրիմիտիվ «բրեյվիկիզմի»: Ի՞նչ արեց նորվեգացին իր հայրենիքի իսլամացման խնդրի վրա ուշադրություն հրավիրելու մղումով: Սադիստաբար գնդակահարեց իր ջահել հայրենակիցներին, եթե նույնիսկ նրանք կառավարող «իսլամանպաստ» կուսակցության երիտասարդական թևն էին կազմում: Իր դաժանությամբ եզակի բթամտություն, ինչը միայն հակառակ արդյունքն ունեցավ:
Լավ, այսօր խաչն եք արգելում, թեկուզև աշխատանքի պահին: Վաղն ի՞նչ միտք ու խորհրդանշան եք փակի տակ դնելու, որպեսզի արագացնեք սեփական քրիստոնեական քաղաքակրթության վախճանը:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Արտա­քին քա­ղա­քա­կա­նու­թ­յուն «քու­չի» մա­կար­դա­կով
Արտա­քին քա­ղա­քա­կա­նու­թ­յուն «քու­չի» մա­կար­դա­կով